Սիրելի նախագահ ջան, որ Ձեզ արվեստագետներից նամակ է գալիս, լուրջ մի վերաբերվեք դրան. Սերգեյ Դանիելյան

14:26 • 14.05.13

Դերասան Սերգեյ Դանիելյանը Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշը» ներկայացման վերաբերյալ մի խումբ հայ մտավորականների նամակը ՀՀ նախագահին, որոնք նամակում դեմ են արտահայտվել բեմադրությանը, համարում է, որ դա սովետական տարիների սովորույթ է և նախագահին հորդորում է լուրջ չվերաբերվել դրան։


«Սիրելի նախագահ ջան, Ձեզ որ արվեստագետներից նամակ է գալիս, լուրջ մի վերաբերվեք դրան»,–այսօր կայացած ասուլիսին հայտարարեց նա՝ ընդգծելով, որ կարիք չկա ամեն անգամ անհանգստացնել «Մաեստրոյին» (նկատի ունի նախագահ Սերժ Սարգսյանին – Tert.am):

Սերգեյ Դանիելյանն ասաց, որ ինքն անձամբ ներկայացումը չի դիտել, բայց կարծում է, որ խոսքը ներկայացման մասին չէ։


«Համարենք, թե դա ամենաապաշնորհ ներկայացումն է, խնդիրը նախագահին դիմելու երևույթի մեջ է, ես հասկանում եմ, որ ՀՀ նախագահը մեր դերասանների ճաշակի, արվեստի ընկալման չափանիշն է, բայց արդյոք կարիք կա ամեն անգամ Մաեստրոին անհանգստացնել»,– նշեց նա՝ հավելելով, որ նամակ գրելու ժամանակն անցել է։


«Ես պապիկիս եմ հիշում, որ հենց ջուրը կտրում էին, ասում էր ես «Պրավդային» նամակ կգրեմ և այլն։ Նույնն էլ սա է։ Զարմանալի է, որ տեղն եղած տեղը նրանք նախագահի մասին գրում են լեգիտիմ է, լեգիտիմ չէ և այլն, բայց հենց նեղն են ընկնում, գրում են»,– ասաց դերասանը։


Ըստ նրա՝ Սերժ Ավետիքյանը, գուցե, շատ վատ գործ է արել, խոսքը դրա մասին չէ, և այն, որ նորարարություն է արել, նորարարություն չի ամբողջ աշխարհում։ «Երևի «Անուշը» պետք է լինի փափախներո՞վ, տրեխներո՞վ, թրիքի հո՞տ պիտի գա ... »,– հարցրեց նա։


Սերգեյ Դանիելյանի կարծիքով՝ իր տարիքի բոլոր մտավորականներին «մարազմը խփել է»։ «Նրանք արդեն մարազմի մեջ են, դա բոլոր նրանց մասին է, ովքեր արվեստը տեսնում են քառակուսի։ Չգիտեմ, որ մեկի ուղեղում ծնվեց նամակ գրել, բայց դա մարազմի մեջ է ծնվել»,– ասաց դերասանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ նման նամակներին այդքան նշանակություն պետք չէ տալ։


«Եթե իրենք այդպես են մտածում, որ նախագահը պետք է որոշի, այլ հարց։ Ես ինչ ուզում անում եմ, դա կապված չէ ո՛չ նախագահից, ո՛չ փողից»,– ընդգծեց դերասանը։


Խոսքն ուղղելով նամակի տակ ստորագրած արվեստագետներին՝ Սերգեյ Դանիելյանն ասաց. «Նման մոտեցումն ամոթ է էլի, վերջացրե՛ք, սաղի գրանտներն ուզում եք փակե՞ք, ասենք թե իր միջոցներով չի արել ներկայացումը, հետո ի՞նչ։ Ուրիշի փողը հաշվելը ամոթ է»։