Լույս են տեսել «Մարգուշավան–Մարաղա. փաստագրական վիպակ» և «Սումգայիթյան օրագիր» գրքերը

15:15 • 15.05.13

Լույս են տեսել «Մարգուշավան–Մարաղա. փաստագրական վիպակ» և «Սումգայիթյան օրագիր» գրքերը


Լույս է տեսել հայ գրող, հրապարակախոս, լրագրող Բակուր Կարապետյանի «Մարգուշավան–Մարաղա. փաստագրական վիպակ» և «Սումգայիթյան օրագիր» գրքերը: Առաջին գիրքը պատմում է ԼՂՀ մարտակերտի շրջանի Մարգուշավան ու Մարաղա գյուղերի ստեղծման պատմությունը և հասնում մինչև այս գյուղերում ադրբեջանցիների կողմից իրականացրած ոճրագործությունները:


Բակուր Կարապետյանը առանձնակի պատմեց «Սումգայիթյան օրագիր» գրքի ստեղծման մասին: Նա նշեց, որ 1988թ.-ի Սումգայիթյան ջարդերից հետո ինքը մեկնել է Ադրբեջան և փորձել մարդկանց հետ հանդիպել ու նկարահանել նրանց պատմությունները: «Գնալուց հետս կենցաղային տեսախցիկ վերցրի: Բայց պայուսակիս մեջ անցք բացեցի, որ կարողանամ անհրաժեշտության դեպքում թաքուն նկարել, որովհետև այդ ժամանակ մարդիկ վախենում էին տեսախցիկի առջև խոսել: Սկզբում ընդհանրապես ոչ ոք չէր համաձայնում խոսել, բայց վերջում գտնվեց մի տղա, որը որոշեց ինձ տանել մի շարք բնակավայրեր և ես կարողացա ի վերջո պատրաստել 54 րոպե տևողությամբ մի ֆիլմ»,-ասաց նա:


Բակուր Կարապետյանը նշեց, որ անհրաժեշտ է գրքեր թարգմանել տարբեր լեզուներով՝ հատկապես ադրբեջաներեն ու 15 րոպե տևողությամբ ֆիլմ պատրաստել ու կցել գրքին:


«Մենք պետք է օգտվենք Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» գրքից առաջացած աղմուկից և իրենց հասարակությանը մատուցենք հայկական ջարդերի մասին պատմող նոր գրքեր»,- ասաց նա: