Հայտնի են դարձել «Եվրատեսիլ 2013» մրցույթի եզրափակիչ փուլ անցած առաջին 10 երկրները (լուսանկարներ)

09:14 • 15.05.13

Շվեդիայի Մալմո քաղաքում երեկ տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցել է 16 երկրի ներկայացուցիչ։

 

Ինչպես տեղեկացնում է eurovision.tv պաշտոնական կայքը, միջոցառման արդյունքում հայտնի են դարձել եզրափակիչ փուլ դուրս եկած 10 երկրները՝ Մոլդովա, Լիտվա, Իռլանդիա, Էստոնիա, Բելառուս, Դանիա, Ռուսաստան, Բելգիա, Ուկրաինա, Նիդեռլանդներ։ Հետագա մրցապայքարից դուրս են մնացել Ավստրիան, Սլովենիան, Խորվաթիան, Մոնտենեգրոն, Կիպրոսն ու Սերբիան։

 

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 16-ին, որի ընթացքում հանդես կգա Հայաստանը ներկայացնող Dorians խումբը՝ Lonely Planet երգով։ Այդ օրը հայտնի կդառնան եզրափակիչ փուլ անցած մյուս 10 մասնակիցների անունները, ինչից հետո մայիսի 18-ին տեղի ունենալիք եզրափակչի ժամանակ նրանք և առաջին՝ արդեն հայտնի  10 երկրները կմրցեն Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի ներկայացուցիչների հետ։