Թանգարանային գիշերվա առթիվ 2 նոր ցուցահանդես և այլ միջոցառումներ՝ Գաֆեսճէան արվեստի կենտրոնում

12:53 • 15.05.13

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ այսօր Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը հայտնեց, որ արվեստի կենտրոնը թանգարանային գիշերվա առթիվ ունենալու է երկու նոր ցուցահանդեսի բացումներ, երեք կրթական ծրագրեր, կինոյի դիտումներ և այլ մշակութային միջոցառումներ։


«Գաֆեսճէան արվեստի կենտրոնում բոլոր ցուցադրությունների ժամանակ ներկայացվում են կրթական ծրագրեր, և թանգարանային գիշերվա համար նախատեսել ենք երեք կրթական ծրագիր, մասնակիցները պետք է նախապես գրանցվեն»,–այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ հայտնելով, որ մայիսի 18–ին կենտրոնի մուտքը բաց է լինելու ժամը 10:00–ից մինչև կեսգիշեր։


Լիլիթ Սոխակյանի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր միջոցառում ունի իր թիրախային խումբը, և 2012թ.–ին թանգարանը շուրջ մեկ մլն այցելու է ունեցել։


Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ ցուցադրություններից մեկում առաջին անգամ կներկայացվի «Պոպ արտ» շարժումը, որը հիմնականում ընդգրկելու է արվեստագետների, որոնք մեծ ներդրում են ունեցել այդ ուղղության զարգացման գործում։


Նշենք, որ Գաֆեսճէան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են Ջերարդ Գաֆեսճէանի լայնածավալ հավաքածուն։ Ցուցադրվում են հիմնականում ժամանակակից արվեստի նմուշներ։