Հայազգի հանրահայտ սոպրանո Քնարիկ Ներկարյանը Բոստոնում ելույթ կունենա Ռախմանինովի օպերաներից մեկում

14:34 • 15.05.13

Աշխարհահռչակ ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 140-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակներում ամերիկյան Բոստոն քաղաքում կներկայացվի «Ալեկո. գնչուները» օպերան, որում կանացի գլխավոր դերը կկատարի հայազգի հանրահայտ սոպրանո Քնարիկ Ներկարյանը։

 

Ինչպես նշում է mirrorspectator.com կայքը, Ներկարյանը կկատարի Զեմֆիրայի դերը՝ սիրո, դավաճանության, խանդի և հանցագործության հանդեպ կիրքի մասին պատմող հուզիչ օպերայում։

 

Աղբյուրը նաև նկատում է, որ մոտ մեկ ամիս առաջ Ներկարյանն իր կատարումով պարզապես ապշեցրել է Մերիմեք Վելի շրջանի հանդիսատեսին ՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում։

 

Ներկարյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է , իսկ նրա կարիերայի ընթացքում լավագույն դերերն են Միմին՝ «Բոհեմ»-ից, և Կուպավան՝ Ռիմսկի- Կորսակովի «Ձյունանուշ»-ի ամերիկյան պրեմիերայում։

 

Ռախմանինովն «Ալեկո» օպերան գրել է 1892թ.՝ դեռահաս տարիքում։ «Ալեկո»-ն հեղինակի՝ Եվրոպայում ամենաշատ կատարված գործն է։