Ժերար Դեպարդյոն անվճար կխաղա Սթրոս-Կանի դերը
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյոն անվճար կխաղա «Բարի գալուստ, Նյու Յորք» ֆիլմի գլխավոր դերը, որը նվիրված կլինի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի շուրջ առաջացած սկանդալին, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով ֆիլմի պրոդյուսեր Վենսան Մարավալին։
Նրա խոսքով՝ նկարահանումներից օրեր առաջ իրեն զանգահարել է Դեպարդյոն՝ Le Monde թերթում հրապարակված «Ֆրանսիացի դերասաններին չափազանց շատ են վճարում» վերնագրով իր հոդվածի վերաբերյալ դժգոհություն արտահայտելու համար։
«Վենսան, դու խաբում ես։ Ես, օրինակ, ստիպված եմ եղել ինքս վճարել մինչև Նյու Յորք տոմսի համար։ Դու ինձ ոչինչ չես տվել։ Ինձ զվարճացրել է քո հոդվածը»,- Մարավալը մեջբերել է Դեպարդյոյի խոսքերը։
Պրոդյուսերը խոստովանել է, որ իր միջոցները չեն բավականացնում ֆիլմի նկարահանումների համար։ «Ես հասկանում եմ, որ դու հրաժարվում ես դերից»,- ափսոսանքով ասել է պրոդյուսերը։
Սակայն «գրեթե 2 ժամ անց» դերասանը զանգահարել է իրեն և ասել՝ «Դու ինձ զզվեցրել ես արդեն, սակայն ես պատրաստ եմ անվճար աշխատել»։
Ավելի վաղ Դեպարդյոն խոստովանել էր, որ բացասաբար է վերաբերվում Սթրոս-Կանին։ «Նա ինձ դուր չի գալիս և հենց այդ պատճառով էլ ես կկատարեմ այդ դերը»,- ասել է դերասանը։ Նրա խոսքով՝ ԱՄՀ նախկին ղեկավարը մեծամիտ է և ինքնահավան։










