Sotheby’s-ն աճուրդի կհանի «Մոսկվան՝ շիմպանզեի աչքերով» ֆոտոշարքը
Հունիսին Sotheby’s աճուրդի տունը պատրաստվում է աճուրդի հանել ռուսական և խորհրդային լուսանկարները: Մասնագետների գնահատմամբ՝ ամենաթանկարժեք նմուշները կարող են դառնալ Մոսկվան պատկերող լուսանկարները: Ի դեպ, աճուրդին ներկայացված այդ լուսանկարների հեղինակը Միկի անունով շիմպանզեն է, գրում է Russia Today-ը:
Լոնդոնում հունիսի 5-ին անցկացվելիք աճուրդին կներկայացվեն 1998-ին կապիկի ձեռքով արված աղոտ լուսանկարները, որոնցում պատկերված է Մոսկվան: Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում արված լուսանկարների հայտնի շարքը, որը կոչվում է «Մոսկվան՝ Միկիի աչքերով», գնահատվում է 50-70 հազար ֆունտ ստեռլինգ:
Լուսանկարել Միկիին սովորեցրել են կոնցեպտուալիստներ Վիտալի Կոմարն ու Ալեքսանդր Մելամիդը: Նրանք, լուսանկարելով կրկեսում վարժեցված կապիկին Կարմիր հրապարակում, ֆոտոխցիկը տվել են շիմպանզեին, որն էլ հետևել է իրենց օրինակին և լուսանկարներ արել:
Ինչպես նշում է Daily News պարբերականը, արևելաեվրոպական և ռուսական լուսանկարչությանը նվիրված այս աճուրդը կդառնա տարվա կարևորագույն մշակութային իրադարձությունը: «Մոսկվան՝ Միկիի աչքերով» շարքից բացի աճուրդին կներկայացվեն նաև 1959-2004 թվականներին ռուս և խորհրդային վարպետների կողմից արված լուսանկարները:










