Սալոնիկում բացվում է Գրքի միջազգային հոբելյանական ցուցահանդեսը

15:36 • 16.05.13

Սալոնիկի (Հունաստան) HELEXPO ցուցասրահի շենքում մայիսի 16-19-ը կանցկացվի Գրքի միջազգային 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը՝ «Ավելի շատ գիրք, ավելի շատ գաղափար» կարգախոսով, գրում է РИА Новости-ն։

 

Սա խոշոր իրադարձություն է հրատարակիչների, գրողների և գրքասերների համար։ Ըստ ավանդույթի՝ ցուցահանդեսի մուտքն ազատ է։

 

Ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 200 հրատարակիչ՝ Հունաստանից և 18 այլ երկրներից։ Նախատեսվում է անցկացնել 100 հույն և 30 արտասահմանցի հեղինակների մասնակցությամբ 170 միջոցառում՝ հանդիպումներ հայտնի գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ։

 

Այս տարի ցուցադրության հյուրն է Մեծ Բրիտանիան, Սալոնիկ են հրավիրվել բրիտանացի 9 գրողներ։ Բրիտանացի հրատարակիչները կներկայացնեն գրքերի արտադրության և տարածման նոր տեխնոլոգիական մշակումներ։

 

Թեմատիկ ցուցադրությունն այս տարի նվիրված է Կոնստանտինոս Կավաֆիսի ծննդյան 150-ամյակին, ում համարում են Հունաստանի մեծագույն գրողներից մեկը։