Լոնդոնում երեխաների անգրագիտության դեմ պայքարում են հեքիաթ կարդալով (լուսանկարներ)
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը և ռուս գործարար Եվգենի Լեբեդևը հայտարարել են լոնդոնցի աշակերտներին, որ հուլիսի 13-ին Թրաֆալգարի հրապարակում կկայանա փառատոն, որի ընթացքում հայտնի գրողներ և այլ հայտնի դեմքեր հատվածներ կկարդան գեղարվեսատական ստեղծագործություններից, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Evening Standard-ին։
Փառատոնը կանցկացվի երեխաների շրջանում անգրագիտության դեմ պայքարի արշավի շրջանակում, որը սկսվել է 2 տարի առաջ։ Այս ընթացքում կազմակերպիչները հավաքել են 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կամավորների ուսման համար, ովքեր կարողացել են օգնել կարդալու հետ դժվարություններ ունեցող 2.000 աշակերտների։
«Փառատոնի ընթացքում հայտնի գրողները գրքեր կկարդան։ Դա կհեռարձակվի անհավանական մեծ չափերի էկրանին, իսկ ընթերցողներին կլսեն հազարավոր երեխաներ»,- նշում է պարբերականը։
Լոնդոնի քաղաքապետը հեծանվով այցելել է մի դպրոց և երեխաներին հարցրել իրենց սիրելի գրքի մասին։ Լսելով պատասխանը «Հարի Փոթեր»՝ նա ասել է, որ նրանց համար իսկական գիրք կկարդա, որից հետո նա կարդացել է Քենեթ Գրեմի «Քամին ուռենիներում» դասական մանկական գրքից մի հատված։
Գործարար Լեբեդևը, ում պատկանում են Evening Standard և Independent պարբերականները, ելույթի համար ընտրել է Օսկար Ուայլդի «Եսասեր հսկան»։ «Երբ ես ձեր տարիքին էի, սարսափելի վախենում էի բարձրաձայն կարդալ իմ համադասարանցիների մոտ։ Հուսով եմ՝ այսօր կարող եմ հաղթահարել այդ վախը»,- խոստովանել է գործարարը։














