Աճուրդի է հանվել Հարի Փոթերի մասին գրքի առաջին հրատարակությունը՝ հեղինակի գրառումներով

10:00 • 18.05.13

Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը՝ հեղինակի գրառումներով, աճուրդի է հանվել, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

 

Գրքի վաճառքից ստացված բոլոր միջոցները կուղղվեն բարեգործությանը, հայտնել են բրիտանական PEN ակումբի ներկայացուցիչները, ովքեր Sotheby's աճուրդի տան հետ համատեղ կազմակերպում են աճուրդը։ Գրքի էջերին Ռոուլինգը գրառումներ է կատարել ինչպես վեպի, այնպես էլ դրա էկրանավորման մասին, արել է նաև 22 նկար։

 

Աճուրդում ներկայացված է ընդհանուր առմամբ 51 գիրք՝ տարբեր հեղինակների գրառումներով։ Նմուշների թվում են, մասնավորապես, Հելեն Ֆիլդինգի «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» և Ֆիլիպ Փուլմանի «Հյուսիսափայլ» գրքերը։

 

Աճուրդը կանցկացվի Լոնդոնում, մայիսի 21-ին։