Ավ. Իսահակյանի տուն-թանգարան դպրոցականները դադարել են այցելել. տնօրեն
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը անդրադառնալով այսօր՝ Թանգարանների միջազգային օրը Երևանում անցկացվելիք «Թանգարանային գիշեր» ակցիայի, ասաց, որ իրենց թանգարան դպրոցներից կազմակերպված այցելություններն այժմ կտրուկ պակասել են։
Հասմիկ Մելքոնյանը նշեց, որ իրենք ամեն տարի փորձում են որևէ հետաքրքիր միջոցառում կազմակերպել թանգարանում, ինչը խոստացավ, որ կլինի նաև այս տարի: Նրա խոսքով՝ այս ակցիայի ժամանակ մարդիկ ուզում են մասնակցել տոնին, սակայն առանց նախասիրությունները հաշվի առնելու, մի թանգարանից մյուսն են անցնում:
«Թռուցիկ նայում են թանգարանները: Այս օրը շատ այցելուներ ենք ունենում, բայց դրանից հետո կորում է ակտիվությունը: Եթե նախկինում մենք պարբերաբար ունենում էինք կազմակերպված այցելություններ դպրոցներից, այժմ դրանք կտրուկ պակասել են»,– ասաց նա:
«Դա կապված է նրա հետ, որ դպրոցում արգելվեց դրամահավաքությունը և հարցը կապվեց նաև թանգարանների հետ: Բայց ես չեմ կարծում, որ թանգարանի մուտքի համար նախատեսված 300 դրամը կարելի է դրամահավաքություն անվանել»,- նշեց նա և կոչ արեց գրականության բոլոր ուսուցիչներին բերել իրենց աշակերտներին թանգարաններ, քանի որ այստեղ նրանք կարող են տեսնել ու լսել այնպիսի բաներ, որոնց մասին դպրոցում չեն իմանա:
Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը նշեց, որ թանգարանային գիշերը տոն է, որին մասնակցում է ամբողջ հասարակությունը, սակայն ավելացրեց, որ նման առիթներով ևս անհրաժեշտ է բարձրաձայնել թանգարանների խնդիրների մասին:
Նա նշեց, որ այսօր Դ.Դեմիրճյանի անվան տուն-թանգարանը հիմնանորոգման կարիք ունի: «Այն 36 տարի չի նորոգվել, չի ջեռուցվում, օդափոխություն չի կատարվում, հոսանքալարերը մաշված են և հեշտությամբ այստեղ կարող է հրդեհ բռնկվել: Դրա հետևանքով մաշվում ու փչանում են գրքերը, նկարները»,- ասաց նա:
Իսկ թե ինչու չի նորոգվում թանգարանը, Կարինե Ռաֆայելյանը նշեց, որ պարզապես հերթը չի հասնում, թեև իրենք ամեն տարի լսում են, որ խնդիրը կլուծվի հաջորդ տարի:
«Մեր թանգարանը այն փոքրիկ օղակն է մի մեծ կառույցի՝ Գրականության և արվեստի թանգարանի: Մշակույթի նախարարությունը մեծ կառույցի մեջ ներդրումներ անում է, բայց հերթը չի հասնում Դերենիկ Դեմիրճյանի տուն թանգարանին: Գումարը գնում է այլ օղակներին»,- ասաց նա:










