Ռիհանան պատրաստվում է Topshop ընկերության դեմ 5 մլն դոլարի հայց ներկայացնել
Հայտնի երգչուհի Ռիհանան պատրաստվում է 5 մլն դոլարի հայց ներկայացնել Topshop նորաձևության բրենդի դեմ, որն առանց թույլտվության օգտագործել է իր նկարը վերնաշապիկների մոդելներից մեկի վրա, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով The New York Post-ին։
Հաղորդվում է, որ բրիտանական ընկերությունը վաճառել է Ռիհանայի «We found love» տեսահոլովակից լուսանկարով վերնաշապիկներ՝ առանց երգչուհու թույլտվության։
Ռիհանան 8 ամիս փորձել է պայմանավորվել Topshop-ի սեփականատերերի հետ, սակայն վերջիններս նրան առաջարկել են միայն 5 հազ. դոլար փոխհատուցում։ Երգչուհուն մոտ աղբյուրի խոսքով՝ Topshop-ի սեփականատերերը վերնաշապիկի վաճառքները կանգնեցնելու խնդրանքներին պատասխանել են՝ «Մենք անում ենք, ինչ ուզում ենք։ Մեզ համար միևնույնն է։ Մենք կշարունակենք ձեզ վաճառել»։
Այժմ Ռիհանան փաստաբաններ է վարձել, որոնց ծառայությունների համար վճարել է մոտ 1 մլն դոլար։ Ինչպես նշել է պարբերականը, երգչուհու համար դա դարձել է «սկզբունքային հարց»։ Topshop ընկերության ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը։










