Այսօր տեղի կունենա «Տաշիր 2013» մրցանակաբաշխությունը

19:38 • 18.05.13

Երևանի ժամանակով ժամը 20:15-ից սկսած այսօր «Արմենիա TV»-ին ուղիղ միացմամբ Մոսկվայի Կրեմլի պալատից հեռարձակելու է «Տաշիր 2013» երաժշտական մրցանակաբաշխությունը, տեղեկացնում է հեռուստաընկերությունը:

 

Յուրաքանչյուր անգամ, Տաշիրը Ռուսաստանի ամենահեղինակավոր բեմերից ներկայանում է ինքնատիպ և յուրահատուկ շոու–ծրագրով՝ մեկ համերգային երեկոյի ընթացքում ներկայացնելով բացառապես պահանջված և սպասված կատարողների:

 

Այս տարին նույնպես բացառություն չէ: Սիրուշոյի, Թաթայի, Ջիվան Գասպարյանի, Արման Հովհաննիսյանի և բազմաթիվ այլ հայ ճանաչված աստղերի կողքին հանդես են գալու Պատրիկ Ֆիորին և Հելեն Սեգարան, ինչպես նաև հատուկ հրավիրված հյուր՝ Էնրիկե Իգլեսիասը:

 

«Տաշիր 2013-ը խոստանում է լինել հերթական անգամ անակնկալներով լի և պատրաստ է շոուբիզնեսյան երկնակամարում վառել նոր աստղեր:

 

Ի դեպ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Եվրատեսիլ 2013-ին» Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը դուրս է եկել մրցույթի եզրափակիչ, «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությունը որոշում է ընդունել «Դորիանս» խմբի ելույթի ընթացքում որոշ ժամանակով դադարեցնել Տաշիր 2013 մրցանակաբաշխության հեռարձակումը, այսպիսով` իրենց աջակցությունը և բոլոր հայ հեռուստադիտողների ուշադրությունը «Դորիանսի» ելույթին կենտրոնացնելու համար»– ասվում է հեռուստաընկերության հաղորդագրությունում:

 

Իսկ թե Տաշիրի այս տարվա անվանակարգերում ովքեր են ճանաչվելու հաղթողներ, հետևեք «Արմենիա TV»–ի եթերից և կարդացեք Tert.am-ի թարմացվող նյութերում: