«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը կհյուրընկալի Դանիան (տեսանյութ)
Շվեդիայի Մալմո քաղաքի Malmo Arena-ում կայացավ «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի արդյունքներով մրցույթի հաղթող դարձավ Դանիայի մասնակից Էմիլի դե Ֆորեսթը`Only Teardrops երգով: Երկրորդ տեղում Ադրբեջանն է, երրորդում` Ուկրաինան: Մեր երկիրը ներկայացնող Dorians խումբը, չնայած փայլուն կատարմանը, չընդգրկվեց լավագույն տասնյակում` զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը:
Եզրափակիչ փուլին մասնակցեց 26 երկիր` Ֆրանսիան, Լիտվան, Մոլդովան, Ֆինլանդիան, Իսպանիան, Բելգիան, Էստոնիան, Բելառուսը, Մալթան, Ռուսաստանը, Գերմանիան, Հայաստանը, Նիդեռլանդները, Ռումինիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Հունգարիան, Դանիան, Իսլանդիան, Ադրբեջանը, Հունաստանը, Ուկրաինան, Իտալիան, Նորվեգիան, Վրաստանը և Իռլանդիան:
Մեր երկիրը ներկայացնող Dorians ռոք խումբը հանդես եկավ 12-րդ համարի ներքո և ներկայացրեց Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի Lonely Planet երգը:
Հայաստանի օգտին ամենաբարձր`12 միավոր չեղավ: Մեր երկիրը 10 միավորի արժանացավ Վրաստանի, 8 միավորի` Բուլղարիայի կողմից:
Հայաստանը 12 միավոր տվեց Ուկրաինային, 10 միավոր` Վրաստանին, 8 միավոր` Հունաստանին: Ռուսաստանը մեր երկրից ստացավ 7 միավոր:
Ռուսաստանը 12 միավոր տվեց Ադրբեջանին, Վրաստանը` նույնպես Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը` Ուկրաինային: Ռուսաստանը մեր երկրին տվեց 2 միավոր:
Մրցույթի հաղթող Դանիան իրավունք նվաճեց հյուրընկալել «Եվրատեսիլ 2014»-ը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013»-ի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 14-ին, որին մասնակցեց 16 երկրի ներկայացուցիչ: Եզրափակիչ փուլ դուրս եկավ 10 երկիր՝ Մոլդովա, Լիտվա, Իռլանդիա, Էստոնիա, Բելառուս, Դանիա, Ռուսաստան, Բելգիա, Ուկրաինա, Նիդեռլանդներ։
Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 16-ին, որին մասնակցեց նաև Հայաստանը: Երկրորդ կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով, Հայաստանից բացի, եզրափակիչ դուրս եկան նաև Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Մալթան և Հունաստանը:
Եզրափակիչ փուլին 20 երկրներին միացան նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի ներկայացուցիչները։
«Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2006-ին. Անդրեն իր Without Your Love երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, որը «պահպանեց» նաև 2007-ի մրցույթի հաջորդ մասնակիցը՝ Հայկոն՝ Anytime You Need երգով:
2008-ին Qele Qele երգով Սիրուշոն գրանցեց մինչ օրս լավագույն արդյունքը՝ 4-րդ հորիզոնական:
2009-ին Ինգա և Անուշ Արշակյանները 10-րդն էին իրենց Jan Jan երգով: 2010-ին Հայաստանը 7-րդն էր Եվա Ռիվասի Apricot Stone կատարումով: 2011-ին Էմմին Boom Boom երգով դուրս մնաց եզրափակիչ փուլից:
2012-ին Հայաստանը ստիպված էր հրաժարվել իր մասնակցությունից, քանի որ «Եվրատեսիլն» անց էր կացվում Բաքվում:










