Ադրբեջանը մեղադրել է «Եվրատեսիլին» Ռուսաստանին տված ձայները «չհաշվելու համար»
Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ մայիսի 18-ին կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլի ձայները հաշվելիս հաշվի չեն առնվել այն ադրբեջանցի հեռուստադիտողների ձայները, ովքեր քվեարկել են Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովայի օգտին, հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ ադրբեջանական բջջային օպերատորների՝ տրված, բայց նկատի չառնված ձայներով Գարիպովան պետք է sms-քվեարկությամբ երկրորդը լիներ, ինչն «անվերապահորեն պետք է բարձր բալ ապահովեր հօգուտ Ռուսաստանի»:
Ռուսաստանցի մասնակիցը 5-րդն էր այդ մրցույթում:
Հետաքրքրական է, որ նախօրեին տվյալներ էին հայտնվել, որ Ադրբեջանն ապօրինություն է թույլ տվել՝ ի նպաստ իրեն. 20 եվրոյով իր օգտին sms «գնելով»՝ Ադրբեջանը, ըստ ասեկոսեների, 1 մլն եվրո գումար էր ծախսել՝ դառնալով 2-րդը «Եվրատեսիլում»:
Ռուսաստանի 1-ին ալիքի լրատվականն այս առիթով հայտնում է, որ պաշտոնապես Ադրբեջանը ոչ մի բալ չի տվել Ռուսաստանին, սակայն պաշտոնական Բաքուն դա հերքում է:










