Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Փակ շուկայի սեփականատիրոջ հետ և մի շարք պահանջներ ներկայացրել
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ Երևանի Փակ շուկայի սեփականատիրոջ հետ իրենք հանդիպել են և նրա առջև դրել մի շարք պահանջներ։
«Պետք է հին կառույցի պատերն ամրակայվեն, սահմանված հատվածի ապամոնտաժում իրականացվի, որից հետո կառուցվող շենքի նախագիծը կներկայացվի մշակույթի նախարարությանը: Այդ ընթացքում կարող ենք ապահովել այն խնդիրների լուծումը, որի մասին անվերջ խոսում ենք»,- նշեց Հասմիկ Պողոսյանը:
Նշենք, որ Փակ շուկայի սեփականատերն է համարվում ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
Հասմիկ Պողոսյանը շեշտեց, որ այն, ինչ պահանջվում է Մշակույթի նախարարությունից, իրենք օրենքի սահմաններում արել են. «Հարցը պետք է լուծվի օրենքի շրջանակներում, այլապես այն կտեղափոխվի այլ հարթություն»,- ասաց նախարարը։ Հարցին, թե «այլ հարթությունը» նշանակո՞ւմ է իրավական ոլորտ, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց՝ ասելով, որ ոչ, ուղղակի այն, ինչի մասին խոսվել է` կկատարվի:
Ավելին, ըստ նախարարի՝ այսօրվա խնդիրները նախկին իշխանություններից են ժառանգել, երբ սկսվել է սեփականաշնորհման գործընթացները, և իրենք ստիպված են ուղղել նաև նրանց արված սխալները։
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը տարածել էր հայտարարություն, որ մայիսի 14-ին Երևանի քաղաքապետարանից պահանջել է հսկողություն սահմանել Երևանի Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող Փակ շուկայի հետնամասում վերսկսված շինարարական աշխատանքների իրականացման նկատմամբ:










