Ալիևը պահանջում է հետաքննել ու պարզել՝ ուր են «Եվրատեսիլում» Ռուսաստանին տված ադրբեջանցիների միավորները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է պաշտոնական հետաքննություն սկսել՝ պարզելու համար, թե ինչու է իր երկիրը զրո միավոր տվել Ռուսաստանին շաբաթ օրը կայացած «Եվրատեսիլ 2013» համաեվրոպական երգի մրցույթում, հայտնում է BBC-ն։
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը հայտնել էր, որ քվեարկողներն ու Ադրբեջանի պաշտոնական ժյուրիի կազմն իրականում մեծ թվով ձայներ են տվել Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովային։ Այն չի բացառում, որ տեղի են ունեցել քվեարկության հետ կապված մի շարք խախտումներ։
Ռուսաստանն իր հերթին Ադրբեջանը ներկայացնող Ֆարիդ Մամադովին տվել է առավելագույն 12 միավոր։
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն պարզաբանել է, որ նախագահ Ալիևի հրամանով տեղի է ունենում ձայների վերահաշվարկ։ Դեսպանն ընդգծել է, որ քվեարկությանը մասնակցած ադրբեջանցիների մեծ մասն իրականում աջակցել է հենց Ռուսաստանին։
«Քվեարկության իրական արդյունքների համաձայն՝ Ռուսաստանն Ադրբեջանից պետք է ստանար 10 միավոր։ Ամեն դեպքում այս մասին պաշտոնական հայտարարությունը կարվի այսօր երեկոյան»,-ասել է Բյուլբյուլօղլուն։
Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ղեկավար Կամիլ Գուլիևն ընդգծել է, որ Ռուսաստանին որևէ միավոր չտալու սխալը մտահոգվելու լուրջ առիթ է տալիս։
«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս միջադեպը, որը տեղի է ունեցել որոշակի անձանց անձնական շահերի պատճառով, չի ստվերի մեր 2 ժողովուրդների եղբայրական հարաբերությունները»,-նշել է Գուլիևը։










