Գոռ Սուջյանը «այլմոլորակային» երգիչ է. երգչուհի Գայանե Հովհաննիսյան

15:05 • 21.05.13

ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը համարում է, որ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին Հայաստանը ներկայացրած «Դորիանս» խմբի՝ մասնավորապես, երգիչ Գոռ Սուջյանի ելույթն առանձնահատուկ է:


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր կարծիքը կիսելով՝ երգչուհին ցավով նշեց, որ թեև «Դորիանսը» արդյունքում գրավեց 18-րդ տեղը, սակայն իր համար Գոռ Սուջյանը շարունակում է մնալ դրական իմաստով «այլմոլորակային երգիչ»:


«Այն ձայնային տվյալները, տեմբրը, խարիզմատիկան, որ ունի Գոռը, այնքան յուրահատուկ է, որ չի կարելի նրան չսիրել ու չգնահատել: Ինչ վերաբերում է մրցույթին, չեմ կարող ասել, որ լավ համարներ չկային, բայց Գոռի ելույթը ինձ համար առանձնացավ իր ամեն ինչով»,- ասաց նա:


Գայանե Հովհաննիսյանը, անդրադառնալով «Դորիանս» ռոք խմբի ներկայացրած Lonley Planet երգին ուղղված քննադատություններին՝ նշեց, որ իրեն դուր է եկել երգը, սակայն իր կարծիքով զգացվեց բեմադրության պակաս:


«Գնում են խոսակցություններ, որ ռոք խումբ է, պարտադիր չէ, որ բեմադրություն լինի: Այս կատարման դեպքում բեմադրություն պետք է լիներ և դրանից կախված տպավորությունը կլիներ ուրիշ: Սակայն վստահ եմ, որ նրանք չեն կոտրվի, քանի որ շատ տաղանդավոր ռոք խումբ են»,- ասաց նա:


Մամուլի ասուլիսին ներկա էր նաև Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ, և մշակութային գործիչ Անժելա Ստեփանյանը, ով Գոռ Սուջյանի կատարումը հրաշալի համարեց և նշեց, որ Հայաստանը ամեն տարի տաղանդավոր երգիչներ ու հրաշալի երգեր է ներկայացնում մրցույթին: Սակայն ըստ նրա ժամանակավոր դադար է անհրաժեշտ Հայաստանին:


«Երկու տարի գոնե, որ չմասնակցենք, կարծում եմ դրանից հետո այնքան չեն քննադատվի մասնակցող երգիչները: Բայց եկեք նկատի ունենանք, որ մի քիչ քաղաքական հարցեր կան, դրա համար չպետք է խառնվենք, չպետք է քարկոծենք։ Երգը լսողի համար երևում էր, որ երգիչը իսկապես երգիչ է»,- ասաց նա: