Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են «Եվրատեսիլ 2013»-ի «թնջուկը». դժգոհել է նաև Լուկաշենկոն

17:46 • 21.05.13

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, որի ընթացքում, ըստ ՌԴ-ի Առաջին ալիքի լրատվականի, հարցերի լայն շրջանակ է քննարկվել:

 

Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման և էներգետիկ համագործակցության կողքին քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից «Եվրատեսիլում» Ռուսաստանին ձայն չտալու իրարանցումը:

 

Ադրբեջանը հայտարարում է,թե այդ մրցույթում Ռուսաստանի մասնակիցը 2-րդ տեղն է զբաղեցրել իր sms քվեարկությամբ, այնինչ փաստացի Բաքուն Մոսկվային ոչ մի միավոր չի տվել:

 

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ իրենք «որոշակի շոկ են ապրել»: Նա հարցադրում է արել. «Ինչպե՞ս է պատահել, որ Ռուսաստանն Ադրբեջանից ոչ մի միավոր չի ստացել: Ո՞ւր են կորել ձայները»:

Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան վրդովված է միջադեպից, նշել է, որ նման բանը «չի ուրախացնում», և դա «անպատասխան չի մնա»:


Երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել են պարզել թյուրիմացությունը:

 

Միաժամանակ «Եվրատեսիլում» կեղծիքների մասին հայտարարությամբ է հանդես եկել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա ասել է, որ քվեակեղծիքներով և ընդհանուր քաղաքականացվածությամբ է պայմանավորված, որ Ռուսաստանը ոչ մի միավոր չի տվել Բելառուսի ներկայացուցչին:

 

Երկրի երիտասարդների հետ հանդիպմանը Լուկաշենկոն ասել է, որ բելառուս երգչուհին հանգիստ կարող է իր «ակտիվում 12 բալ գրանցել»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: