Ադրբեջանը կարող է 3 տարով զրկվել «Եվրատեսիլին» մասնակցելու իրավունքից
Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությանը (ITV) , որը հեռարձակել է «Եվրատեսիլ 2013»-ը, կարող են երեք տարով զրկել մրցույթին մասնակցելու իրավունքից, կամ տուգանել՝ ձայների սխալ հաշվարկի պատճառով։ Նման կարծիք է հայտնել մոսկովյան «ՅՈԻՍՏ» իրավաբանական կազմակերպության ներկայացուցիչ Դենիս Շումսկին, գրում է ադրբեջանական haqqin.az-ը՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հղումով։
«Չնայած նրան, որ Ադրբեջանն ինքն է բարձրաձայնել ձայների հաշվարկում առկա թերությունների մասին, մրցույթի կանոնադրության համաձայն՝ պատժամիջոցներն առաջին հերթին կկիրառվեն հեռուստաընկերության նկատմամբ»,-ասել է նա։
Ադրբեջանի իշխանությունները հրապարակել էին տեղի խոշորագույն բջջային օպերատորների տվյալները, համաձայն որոնց՝ Ռուսաստանը տրված ձայների թվով պետք է ստանար 10 միավոր։ Սակայն վերջնական արդյունքով Ռուսաստանն Ադրբեջանից ոչ մի բալ չի ստացել։
«Պաշտոնապես մրցույթի մասնակիցները ոչ թե երկրներն են, այլ հեռուստաընկերությունները, որոնք Եվրոպական հեռարձակողների միության անդամ են։ Դրա համար էլ այս կոնֆլիկտի հավանական արդյունքը կլինի պատժամիջոցների կիրառումն Ադրբեջանի հեռուստաընկերության դեմ»,-ասել է Դենիս Շումսկին։
Եթե ձայների հաշվարկի վերաբերյալ ինչ-ինչ խախտումներ բացահայտվեն, համաձայն մրցույթի կանոնների, հեռուստաընկերությունը կարող է 3 տարով զրկվել մասնակցության իրավունքից։










