Փոլ Մաքքարթնին նամակով է հանդես եկել՝ ի պաշտպանություն Pussy Riot-ի
Բրիտանական լեգենդար The Beatles խմբի հիմնադիրներից Փոլ Մաքքարթնին նամակներ է հղել ռուսական իշխանություններին, որոնցում աջակցություն է հայտնել Pussy Riot պանկ խմբի ազատազրկված անդամներին։
Չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ խմբի` երկու տարվա ազատազրկման դատապարտված անդամ Մարիա Ալյոխինան հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի, որ դատարանը չի թույլատրել իրեն մասնակցել պայմանական ազատ արձակման միջնորդագրի քննությանը։
«Իմ անձնական համոզմամբ՝ Մարիայի հետագա ազատազրկումը վնաս է ինչպես նրա, այնպես էլ ընդհանուր իրավիճակի համար, որին, իհարկե, հետևում են ողջ աշխարհի մարդիկ»,-ասել է Մաքքարթնին՝ ռուս պաշտոնյաներին ուղարկված իր երկու նամակներից մեկում։
Նա հույս է հայտնել, որ դատապարտյալների ազատ արձակումը կդառնա դրական ազդանշան բոլոր նրանց համար, ովքեր հետևում են իրադարձությունների զարգացմանը։
2012թ.-ի փետրվարի վերջին 5 աղջիկներ մտել էին Մոսկվայում Քրիստոս Փրկչի տաճար, և, դիմակներ հագնելով, ակցիա էին իրականացրել՝ քննադատելով նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրանց տեսահոլովակը տեղակայվել էր ինտերնետում և մեծ հանրային աղմուկ առաջացրել։
Ոստիկանությունը ձերբակալել էր ակցիայի 3 մասնակիցներին։










