«Աստղային պատերազմներ» ֆիլմի աստղը կխաղա Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմում

14:13 • 24.05.13

Կաննի կինոփառատոնի ռուսական տաղավարում տեղի է ունեցել Enjoy Movies և Renovatio Entertainment ընկերությունների միջազգային նախագծերի շնորհանդեսը, հայտնում է varietyrussia.com-ը։

 

Մամուլի ասուլիսին մասնակցել են Renovatio-ի պրոդյուսեր Վլադիմիր Պոլյակովը, Enjoy Movies-ի գլխավոր պրոդյուսեր Գեորգի Մալկովը, պրոդյուսեր Թոուվ Քրիսթենսենը և ռեժիսոր, պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը։

 

Շնորհանդեսի գլխավոր իրադարձությունը դարձել է ռուս-ամերիկա-կանադական նախագիծը՝ «Կողոպուտ ամերիկյան ձևով», որը ներկայացնելու համար ժամանել է գլխավոր դերակատար, «Աստղային պատերազմներ» ֆիլմի աստղ Հայդեն Քրիսթենսենը։

 

Մարտաֆիլմի ռեժիսորը դառնալու է Սարիկ Անդրեասյանը, իսկ Հայդեն Քրիսթենսենից բացի ֆիլմում նկարահանվելու է նաև ամերիկացի ռեփեր, երգիչ Էյկոնը։ Ենթադրվում է, որ ֆիլմի մյուս դերակատարներն էլ հոլիվուդյան դերասաններ կլինեն։

 

Գեորգի Մալկովի խոսքով՝ ռուս դերասանների մասնակցություն ֆիլմի խոշոր դերերին չի ակնկալվում։

 

Enjoy Movies-ի և Renovation Entertainment-ի համագործակցությունն սկսվել է 2012թ.-ի կեսերին և համատեղ ջանքերով նկարահանվել է արդեն չորրորդ ֆիլմը։ Մինչև տարեվերջ նախատեսվում է թողարկել ևս 5-6 ռուսական ֆիլմ։