Ռեստորան չենք գնում, բայց մենք էլ մեր ձևն ունենք. «Վերջին զանգը» մարզերում ու Երևանում
Հայաստանի Հանրապետությունում շուրջ 30 հազար շրջանավարտի համար այսօր կհնչի «Վերջին զանգը»: Տոնին պատրաստվում են բոլոր շրջանավարտները, սակայն ամեն մարզում ու համայնքում այն նշվում է յուրովի: Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի համայնքն այս տարի 17 շրջանավարտ ունի:
Լևոն Ադամյանի անվան միջնակարգ դպրոցի ուսմասվար Նառա Պապյանը տեղեկացրեց, որ աշակերտները մեծ շուքով են պատրաստվել «Վերջին զանգին»՝ հաշվի չառնելով ոչ մի դժվարություն. սահմանից հնչող կրակոցները, ֆինանսական սուղ պայմանները:
«Ամեն ինչ շատ ավելի համեստ է Երևանի հետ համեմատած: Երևանում գիտեմ, որ մարդիկ Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմն են վարձել ու յուրաքանչյուր դասարանին տվել են 10 րոպե ժամանակ, բայց ի՞նչ պետք է անեն երեխաները այդքան քիչ ժամանակում: Իսկ մենք հաշվի ենք առնում երեխաների նախասիրությունները՝ ուզում են թող պարեն, երգեն, արտասանեն: Կյանքը փոքր-ինչ գորշ է գյուղական միջավայրում, բայց այս օրը ուզում ենք տոն դարձնել երեխաների համար ու ամեն տարի մեզ դա հաջողվում է»,- ասաց նա:
Դպրոցի ուսմասվարն ընդգծեց, որ երեխաները, սովորության համաձայն, այցելում են անտառ, իսկ հետո մինչև ուշ երեկո ուրախանում դպրոցում:
«Մեզ մոտ ամեն ինչ ավելի մտերմիկ է, չկա շքեղ հագուստների մրցույթ, ինչպես քաղաքում է: Մեզ մոտ իսկապես ուրախություն է»,- ասաց նա:
Սահմանամերձ Չինարի գյուղի Վահրամ Սաղոյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Հեղինե Աղասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք՝ գյուղի 13 շրջանավարտներով, այսօր գնում են կողքի գյուղի՝ Այգեձորի շրջանավարտներին շնորհավորելու, քանի որ իրենց «Վերջին դասը» երեկ են կազմակերպել, որին ներկա են եղել նույն հարևան գյուղի իրենց հասակակիցները:
«Մենք համաձայնեցված էդպես ենք տոնում, որովհետև մի հատ նկարիչ կա, որ հասցնի երկու դասարաններին էլ նկարի: Մենք երեկ միջոցառումից հետո գնացինք Գոհարի աղբյուր, որովհետև միշտ շրջանավարտները այդտեղ են գնում ուսուցիչների հետ, իսկ հետո միջոցառումների համար նախատեսված շենքում ուրախացանք ու լուսաբացը դիմավորեցինք»,-ասաց նա:
Սյունիքի մարզի Տաթև գյուղի Սուրեն Առաքելյանի անվան դպրոցի 11 շրջանավարտ ունեցող 12-րդ դասարանի դասղեկ Ալվարդ Հարությունյանն էլ նշեց, որ աշակերտներն այսօր կկանգնեն տողանի ու բանաստեղծություններ կնվիրեն իրենց ուսուցիչներին ու դպրոցին:
«Հետո կփոխվեն, դե երեխեք են էլի, իրենց մազերը կուղղեն, արդուզարդը: Վերջապես, հո էդքան շա՜տ հեռու չենք քաղաքի ճոխություններից: Մենք էլ մարդ ենք, ռեստորան չենք գնում, բայց մենք էլ մեր ձևն ունենք: Մենք հեռու ենք, ներեցեք, քաղաքի մի քիչ վուլգար կյանքից և ունենք գյուղական մեր ավանդույթները»,- ասաց նա:
Այդպիսի ավանդույթներից մեկն է «Վերջին զանգի» օրվա առավոտյան Տաթևի վանք գնալն ու հայր սուրբի կողմից օրհնություն ստանալը:
Ուսուցչուհին նշեց, որ թեև ինքը 40 տարի է, ինչ աշխատում է որպես մանկավարժ, սակայն երբեք այդ օրը արցունքները չի կարողանում զսպել:
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակի ավագ դպրոցի շուրջ 100 շրջանավարտներից Վաղարշակ Պողոսյանը նշեց, որ իրենք «Վերջին դասը» անցկացնելու են 4 դասարաններով արդեն նախապես զարդարված իրենց սիրելի դպրոցում: Նա նշեց, որ սովորույթի համաձայն, մանկապարտեզի շրջանավարտները գալու են իրենց շնորհավորելու:
«Երեկոյան դպրոցից դուրս գնալու ենք մի հատ օբյեկտում ուրախանանք, բայց արդեն ամեն դասարան ինքն է որոշում ինչ անի»,- ասաց նա:
Իսկ «հայրաքաղաք» Գյումրի շրջանավարտները իրենց միջոցառումները սահմանափակելու են դպրոցի տարածքում: 23 դպրոցի տնօրեն Արփինե Առաքչյանն ընդգծեց, որ գյումրեցի շրջանավարտները տոնական երեկո կկազմակերպեն ավարտական քննություններից հետո:
Մայրաքաղաք Երևանում այսօր, ավանդույթի համաձայն, Ազատության հրապարակում երեկոյան ժամը 20-ին սպասվում է տոնական միջոցառում:










