Գերմանիայում բողոքի ակցիաներ են անցկացվում Ռիխարդ Վագների հակասեմականության դեմ

10:10 • 24.05.13

Այս տարի Եվրոպան, մասնավորապես` Գերմանիան, նշում է համաշխարհային ճանաչում ունեցող երգահան Ռիխարդ Վագների ծննդյան 200-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ իրականացվում են մի շարք միջոցառումներ։ Սակայն հաշվի առնելով Վագների հակասական էությունը՝ քիչ չեն նաև սկանդալային դեպքերը՝ կապված երգահանին նվիրված տոնակատարությունների հետ։ 

 

Մի խումբ գերմանացի նկարիչներ, ովքեր իրենց «Ֆրանկֆուրտի հանրակրթական դպրոց» են անվանում, բողոքի ակցիա են սկսել Վագների դեմ՝ պնդելով, որ վերջինի հակասեմականության իրական չափն անտեսվում է։

 

Ինչպես նշում է Euromag-ը, նկարիչները տպել և ուղարկել են Բայրոյթում Ռիխարդ Վագների փառատոնի 50 հազար կեղծ տոմս, որոնք, իբր, հնարավորություն են ընձեռում անվճար ներկա գտնվել միջոցառմանը։

 

Կեղծ տոմսերի միջոցով նկարիչների խումբը ցանկանում է Գերմանիայի հասարակության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վագների հակասեմականության լրջությունն իրականում ներկայացվում է նվազագույն չափով։ Նրանց կարծիքով՝ գերմանական մամուլի մեծ մասը ևս չի գիտակցում այդ երևույթի լրջությունը։