Էլիզաբեթ Թեյլորի առաջին հարսանեկան զգեստը վաճառքի է հանվել Լոնդոնում

10:19 • 25.05.13


Լոնդոնում Christie's աճուրդի տունը վաճառքի է հանել հայտնի ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի հարսանեկան զգեստը, որում դերասանուհին առաջին անգամ ամուսնացել է, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։


Զգեստը, որում 18-ամյա Թեյլորը 1950թ. ամուսնացել է Քոնրադ Հիլթոն կրտսերի հետ, պատրաստվել է 3 ամիս։ Զգեստի վրա աշխատել է 15 մարդ՝ զգեստների նկարիչ Հելեն Ռոուզի ղեկավարությամբ։ Գրեթե 14 մետր երկարությամբ քող ունեցող ճերմակ ասեղնագործ զգեստը զարդարված է մարգարիտներով։


Թեյլորի հարսանիքը, ով այդ ժամանակ արդեն կայացած հոլիվուդյան աստղ էր, 1950թ.ամենահիշարժան իրադարձությունն է եղել։ 700 հյուրերի թվում են եղել նաև առաջին մեծության աստղեր։ Սակայն նորապսակների երջանկությունը երկար չի տևել. նրանք բաժանվել են 8 ամիս անց։


Վաճառքը կկայանա հունիսի 26-ին Լոնդոնում։ Սպասվում է, որ զգեստի գինը կկազմի ավելի քան 75 հազ. դոլար։