Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմը ճանաչվել է Կաննի կինոփառատոնի ամենահայտնի ֆիլմ

18:14 • 26.05.13

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմը (Pulp Fiction, 1994թ.) դարձել է համաշխարհային բացարձակ առաջատար իր հայտնիությամբ այն ֆիլմերի թվում, որոնք երբևէ մասնակցել են Կաննի կինոփառատոնի պաշտոնական ծրագրերին, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով IMDb համացանցային պարբերականին։ 


Երկրորդ տեղում է Տարանտինոյի մեկ այլ ֆիլմը՝ «Անփառունակ սրիկաները» (Inglorious Bastards, 2009թ.)։ Առաջին եռյակը սահմանափակում է ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի «Մեղքերի քաղաք» (Sin City, 2005թ.) ֆիլմը։


Այնուհետև հաջորդում են ռեժիսորներ Կոեն եղբայրների «Ծերունիներն այստեղ տեղ չունեն» ֆիլմը (No Country for Old Man, 2007թ.), ռեժիսորներ Էնդրյու Ադամսոնի և Վիկի Ջեքսոնի «Շրեք» մուլտֆիլմը (Shrek, 2001թ.), Մարտին Սկորսեզեի «Տաքսիստը» (Taxi Driver, 1976թ.), մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ֆաունի լաբիրինթոսը» (El laberinto del fauno, 2006թ.), Ֆրենսիս Կոպոլայի «Ապոկալիպսիս այսօր» (Apocalypse Now, 1976թ.), դանիացի ռեժիսոր Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի «Դրայվ» (Drive, 2011թ.) ֆիլմերը։

Տասնյակը եզրափակում է ամերիկացի ռեժիսոր Քերթիս Հենսոնի «Լոս Անջելեսի գաղտնիքները» (L.A.Confidential,1997թ.) ֆիլմը։