Մարկետոլոգները սկսել են կինո նկարել, դրա համար էլ կինոն նման ողբալի վիճակում է. կինոռեժիսոր

16:07 • 27.05.13

Ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնը Հայաստանում և, ընդհանրապես աշխարհում, շատ կարևոր է, որովհետև այսօր կինոն դարձել է մարկեթինգ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, ում այդ փաստը բացարձակ չի գոհացնում:


«Մարկետոլոգները սկսել են կինո նկարել, դրա համար էլ կինոն նման ողբալի վիճակում է։ Պրոֆեսիոնալիզմը մի կողմ դնենք, ամեն ինչ հաշվարկվում է մարկեթինգի տեսանկյունից՝ ստեղից մի մեդիա դեմք վերցնենք, էնտեղից եսիմ էս, էս, լցնենք մի կաթսայի մեջ, «սալյոնկա» սարքենք, ու փող առնենք: Իսկ մարդիկ խոսում են այդ մարդկանց ցածր մակարդակի մասին, որովհետև դրանց քոքն ա պետք կտրել, այլ ոչ թե նպաստել զարգացմանը»,- ասաց նա:


Կինոռեժիսորն իր կյանքից մի դրվագ պատմեց, որ ատամնաբույժի է այցելել, ու երբ բժիշկն իմացել է, որ այցելուն ռեժիսոր է, ասել է, թե սցենար ունի գրած:

«Ինձ թվացել է ատամնաբույժները «մանյա» ունեն սցենարներ գրելու, բայց իրականում հասկացա, որ շատ մարդիկ կան, և սա հնարավորություն է, բոլորը կարող են նկարել. թվային խցիկ որտեղից ուզեք կա, հեռախոսով կարող եք նկարել, կարևորը հասցնեք ձեր ձայնը հանրությանը, այդ մարկեթինգը պետք է ջարդել: Դուք չե՞ք հոգնել դրանից. ամեն ինչ անել գումար վաստակելու համար։ Ես ոչ թե հոգնել եմ, այլ զզվել եմ, թե այդ մարկեթինգից, թե էգոյի վիճակներից»,- ասաց նա:


Անդրադառնալով մայիսի 28-ից հունիսի 2-ը Երևանում անցկացվելիք «ՆՈՖԻ» երրորդ, արդեն միջազգային, ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնին, ռեժիսորը, ով նաև ժյուրիի կազմում է, նշեց, որ բավական լավ աշխատանքներ կան: «Տարբեր են. և՛ լավ, և՛ վատ, և՛ շատ լավ, և՛ սարսափելի»,- ասաց նա: