Երևանում մեկնարկում է «ՆՈՖԻ» 3-րդ, միջազգային, ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնը
Մայիսի 28-ից հունիսի 2-ը Երևանում կանցկացվի «ՆՈՖԻ» երրորդ, արդեն միջազգային, ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ փառատոնին կմասնակցի 45 ֆիլմ՝ 24 երկրից՝ Եվրոպայից, Ամերիկայից և Ասիայից:
«Շատ ուրախ ենք հատկապես ասիական ֆիլմերի համար, որոնք մեր երկրում շատ տարածում չունեն: Փառատոնին մասնակցող ֆիլմերի 30%-ը, այսինքն՝ 17 ֆիլմ, հայկական է։ Բարձ միավորներ հավաքելու դեպքում, ավանդույթի համաձայն, ֆիլմերը կմասնակցեն «Ունիկա» համաշխարհային ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնին, որն այս տարի կանցկացվի Ավստրիայի Տիրոլ քաղաքում: Համաշխարհային փառատոնին Հայաստանից կմասնակցի 6-7 ֆիլմ»,- ասաց նա և նշեց, որ երկու տարվա մեջ իրենք արդեն «Ունիկա» փառատոնից բերել են 2 արծաթե և 2 բրոնզե, իսկ հեռավոր 1988-ին մեկ ոսկե մեդալ:
Փառատոնի ղեկավարը նշեց, որ ֆիլմերն ընտրվում են ժյուրիի կողմից: «Հիմնական պայմանն է, որ ֆիլմերը լինեն ոչ կոմերցիոն և նրանց տևողությունը լինի մինչև քսան րոպե։ Այս տարի շատ
հետաքրքիր ֆիլմեր ենք ստացել, հատկապես՝ Եվրոպայից: Արդեն ժյուրին հասցրել է նայել, բավական բարձր է մակարդակը՝ համեմատած նախորդ տարիների համահայկական ֆիլմերի փառատոնի հետ»,- ասաց նա և նշեց, որ 85 ֆիլմից ընտրվել է 45-ը:
Արտաշես Հովհաննիսյանը նշեց, որ այս տարի փառատոնը կանցկացվի երեք փուլով, նախ՝ Երևանում, սեպտեմբերին՝ Մոսկվայում, այնուհետև՝ Լոս Անջելեսում:
Ըստ նրա՝ ոչ կոմերցիոն փառատոն կազմակերպող ընկերությունները միմյանց հետ համագործակցում են. «Օրինակ՝ Իրկուտսկում «Ձկան աչք» ոչ կոմերցիոն փառատոնից ճապոնական ֆիլմեր են ներկայացվել»:
Փառատոնի ղեկավարը նշեց, որ վաղվանից սկսվում է ֆիլմերի ցուցադրությունը, որը կլինի Կինոյի տանը՝ կինոմատոգրաֆիստների միության և Մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այնուհետև կանցկացվի նաև Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, իսկ մրցանակաբաշխությունը կանցկացվի Մոսկվա կինոթատրոնում, որտեղ միջազգային ֆիլմերի հաղթող հեղինակների մրցանակները կստանան տվյալ երկրների դեսպանատների ներկայացուցիչները:
Թե ինչո՞ւ հենց ֆիլմերի ռեժիսորներն անձամբ չեն ներկայանա ստանալու իրենց մրցանակները, ղեկավարը բացատրեց, որ փառատոնն իրականում լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, քանի որ այդ հյուրերին տեղավորելու միջոցներ այդպես էլ չգտնվեցին:
Ավելին՝ նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանին են դիմել, որ իրենց մեկ ժամով մեկ ավտոբուս տրամադրեր՝ Երևանում ճանաչողական շրջայց կազմակերպելու համար: «Նախապես համաձայնվել էին, հետո պարզվեց քննարկել են երկար և հանձնաժողովը գտել էր, որ չեն ուզում ավտոբուս տրամադրել»,- ասաց նա և նշեց, որ այն դեպքում, երբ նույն քաղաքապետարանը թափառող մեկ շանը խփելու համար պաշտոնական թվերով 1 200 դոլար է հատկացնում: «Պատկերացնո՞ւմ եք, եթե 10 շան կյանք խնայեին, չտեսնված փառատոն կլիներ ու բոլորի համար էլ լավ կլիներ՝ և՛ շների, և՛ մեր»,- ասաց նա:
Փառատոնին մասնակցելու է նաև հունգար ռեժիսորներից մեկի ֆիլմը: Ռեժիսորն աչքի է ընկել հունգար ժողովրդի անունից Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու համար ներողություն խնդրելու իր քայլով, ով մեծ ցանկություն է ունեցել գալ Հայաստան: Սակայն նրան հյուրընկալելու համար կազմակերպիչներն այդպես էլ գումար չեն գտել:
«Մենք նրան նույնիսկ պատրաստ էինք մեր տներում հյուրընկալել և ոչ թե հյուրանոցում, բայց տոմսի փող այդպես էլ չկարողացանք գտնել, 500 դոլար էր պետք նրա այցը կազմակերպելու համար»,- ափսոսանքով հայտնեց Արտաշես Հովհաննիսյանը և շեշտեց, որ իրենք դիմել են և Երևանի քաղաքապետարանին և Սփյուռքի նախարարությանը, որտեղից այդպես էլ արձագանք չեն ստացել:










