Դատարանը երգիչ Վիտասին մեկուկես տարով զրկել է վարորդական իրավունքից
Մոսկվայի Օստանկինսկի շրջանի դատարանը հայտնի երգիչ Վիտասին (Վիտալի Գրաչև) մեկուկես տարով զրկել է վարորդական իրավունքից՝ մայիսի 10-ին տեղի ունեցած պատահարից հետո բուժզննում անցնելուց հրաժարվելու համար։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, դատարանը մեղավոր է ճանաչել Վիտասին «օգտագործած ալկոհոլի չափը վարորդի մոտ պարզելու պահանջը չկատարելու համար»։
Երգչի փաստաբանն ի պատասխան ասել է, որ այն պահին, երբ իր պաշտպանյալին խնդրել են բուժզննում անցնել, նա ղեկին նստած չի եղել, ուստի նրա մերժումն օրինական է։ Այժմ նրանք պատրաստվում են բողոքարկել որոշումը։
Հիշեցնենք, որ Վիտասի մասնակցությամբ մայիսի 10-ին ավտոճանապարհային պատահար էր տեղի ունեցել Մոսկվայում: Երգիչն իր Infiniti մակնիշի մեքենայով հարվածել էր մի հեծանվորդուհու: Մայիսի 21-ին ոստիկանությունն արդեն քրեական գործ էր հարուցել Վիտասի դեմ՝ «Սպանության սպառնալիքի կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու» հոդվածով:










