Սքարլեթ Յոհանսոնը հավակնում է Հիլարի Քլինթոնի դերին
Հոլիվուդում պատրաստվում են կենսագրական ֆիլմ նկարահանել ԱՄՆ նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին, գրում է filmpro.ru-ն։
Վերջերս հայտնի էր դարձել, որ «Ռոդեմ» անվանումով ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Պոնսոլդթը, իսկ այժմ տեղեկություն է հայտնվել գլխավոր դերակատարման հիմնական թեկնածուների մասին։
Ինչպես նշում է The Independent-ը, Քլինթոնի դերին հավակնում է 4 դերասանուհի՝ Սքարլեթ Յոհանսոնը, Ջեսիկա Չեսթեյնը, Ռիզ Ուիզերսփունը և Ամանդա Սայֆրեդը։
«Մեր բախտը բերել է, քանի որ նախագծին պատրաստ են մասնակցել իսկապես հիանալի դերասաններ։ Անկախ քաղաքական նախասիրություններից և Հիլարի Քլինթոնի հանդեպ անձնական վերաբերմունքից՝ ոչ ոք չի կարող հերքել նրա խելացի լինելն ու գրավչությունը։ Այդ ամենը մարմնավորելու համար անհրաժեշտ է հիանալի դերասանուհի»,- ասել է ֆիլմի ռեժիսորը։
Նախատեսվում է, որ «Ռոդեմ» ֆիլմը վարձույթում կհայտնվի 2016-ին՝ հերթական նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում, որոնցում, հավանաբար, կառաջադրվի նաև Հիլարի Քլինթոնը։










