Իտալիայում հայտնաբերվել է Թորայի ամենահին ձեռագիրը
Իտալիայի Բոլոնիայի համալսարանի ներկայացուցիչները հայտնել են, որ հնարավոր է՝ հայտնաբերվել է հրեաների սուրբ տեքստերի՝ Թորայի ձեռագիր ամբողջական հավաքածուի ամենահին կրկնօրինակը, հայտնում է Корреспондент-ը։
Ձեռագիրը գտնվել է համալսարանական գրադարանում, սակայն նրա գոյության մասին չեն իմացել նշագրման սխալի պատճառով, ասել է եբրայերենի դասախոս Մաուրո Պերանին։
Նախկինում համարվում էր, որ ոչխարի փափուկ կաշվից պատրաստված 36 մետր երկարությամբ ձեռագրի տարիքը միայն մի քանի հարյուր տարի է։
Սակայն ԱՄՆ-ում և Իտալիայում տարիքը որոշելու համար անցկացված փորձերից հետո պարզվել է, որ ձեռագիրը, հնարավոր է, գրվել է ավելի քան 850 տարի առաջ։
Համալսարանը նշել է, որ ձեռագրի ստեղծման տարիքի որոշման հարցում սխալը թույլ է տրվել 1889-ին, երբ Լեոնելո Մոդոնա անունով գրադարանավարը որոշել է, որ այն գրվել է 17-րդ դարում։
Սակայն, երբ պրոֆեսոր Պերանին վերջերս ուսումնասիրել է ձեռագիրը, եկել է այն եզրահանգման, որ տեքստերի ոճը վերաբերում է Հին Բաբելոնի ավանդական ոճին, և հետևաբար, ձեռագիրը պետք է ավելի մեծ լինի։
Ավելի մեծ տարիքի ևս մեկ ցուցանիշ է նաև այն, որ տեքստում որոշ հատվածներ կան, որոնք հետագայում արգելվել են Մովսես Մայմոնիդ փիլիսոփայի կողմից ավելի ուշ ստեղծված ձեռագրերում՝ 12-րդ դարում։










