Հայտնաբերվել է Ռեդյարդ Քիփլինգի նամակը, որում նա խոստովանում է գրագողության մասին
Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել անգլիացի գրող Ռեդյարդ Քիփլինգի նամակը, որում նա խոստովանում է, որ իր «Ջունգլիների գիրքը» պատմվածքների հայտնի հավաքածուի մի մասը գրագողություն է, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին։
«Շատ հավանական է, որ «Ջունգլիների գրքի» վրա աշխատելիս դիմել եմ փոխառությունների, սակայն հիմա չեմ հիշում, թե հատկապես ում պատմություններն եմ գողացել»,- նշվում է նամակում, որը գրվել է 1895-ին և հասցեագրված է ինչ-որ կնոջ։
Նամակն աճուրդի է հանվել Andrusier Autographs աճուրդի տան կողմից։ Նախնական գինը 2.500 ֆունտ ստեռլինգ է (3.700 դոլար)։ Աճուրդի տան ներկայացուցիչների խոսքով՝ նամակը հայտնաբերվել է ապրիլին, գրքերի և փաստաթղթերի կույտի մեջ, որը պահվել է Մեծ Բրիտանիայի հնությունների խանութներից մեկում։










