Հյուսիսկորեացիները երաժշտական պատասխան են տվել հարավկորեացի ռեփեր PSY-ին (տեսանյութ)

12:10 • 30.05.13

Հյուսիսային Կորեան իր երաժշտական պատասխանն է տվել համաշխարհային ճանաչում ձեռք բերած հարավկորեացի ռեփեր PSY-ին և նրա Gangnam style և Gentleman հիթերին։

 

Հյուսիսային Կորեայում ձևավորվել է 5 աղջիկներից բաղկացած երաժշտական խումբ՝ Moranbong Music Band, ընդ որում՝ խմբի մասնակիցներին անձամբ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն է ընտրել, գրում է newsru.com-ը՝ վկայակոչելով NYDailyNews-ին։

 

Խումբը ձևավորվել է դեռևս նախորդ տարվա ամռանը և արդեն մասնակցել է մի քանի համապետական տոների, ներառյալ՝ Ամանորյա տոնակատարությունները։


Հինգ աղջիկ պարում են բեմում 1980-ական էստրադայի ոճում՝ կիրառելով 1960-ական թվականների բեմական պարային շարժումներ, և երգում «Եկե´ք սովորենք» և «Մեր սիրելի առաջնորդ» հիթերը։

 

Հարկ է նշել, որ թեթև էստրադային երաժշտությունը նոր երևույթ է հյուսիսկորեական մշակույթում, որը սովոր է զինվորական ինքնագործունեությանը, ռազմական երթերին կամ հակաճապոնական պատերազմի էպիկական բալադներին։


Հավանաբար, դա փորձ է կանգնեցնել հարավկորեական փոփ երաժշտության տարածումը, որը հայտնվում է Հյուսիսում մաքսանենգ ճանապարհով։