Մեկնարկում է Վենետիկի բիենալեն (լուսանկարներ)

21:15 • 30.05.13

Վենետիկում հունիսի 1-ին կբացվի ժամանակակից արվեստի բիենալեն: Ամառվա առաջին օրից Ջարդինի այգում ցուցանմուշները մատչելի կլինեն բոլոր ցանկացողներին, հայտնում է Vesti.ru-ն: Իսկ այդպիսիք շատ կլինեն, քանի որ այս օրերին քաղաքը լեփ լեցուն է ինչպես ժամանակակից արվեստագետներով (որոնց թիվն աշխարհում գնահատվում է 300 հազար), այնպես էլ նրանց արվեստի սիրահարներով:

 

Աղբյուրը զգուշացնում է, որ այս շրջանում Վենետիկում և հյուրանոցներն են թանկ, և տոմսերը:

 

Վենետիկի բիենալեն 118 տարվա պատմություն ունի, 8 տասնյակ մասնակիցներ: Այս տարի առաջին անգամ նրանց շարքում է նաև Վատիկանը՝ իր «Արարում, ավերում, թարմացում» ցուցահանդեսով: Վատիկանի Մշակույթի նախարարությունը հույս ունի, որ այս կերպ եկեղեցին կվերականգնի իր կապը ժամանակակից արվեստի հետ:

 

Ռուսաստանն այս տարի կրկնապատկել է իր ցուցադրությունների բյուջեն՝ հասցնելով 10 մլն ռուբլու: Ռուսաստանը ներկայացվելու է կոնցեպտուալիստ Վադիմ Զախարովի աշխատանքներով, որին ոգեշնչել են անտիկ հերոսները:

 

Բիենալեին կլինի նաև առանձին կանանց հատված, որտեղ տղամարդկանց մուտքը կլինի հովանոցներով. ցուցասրահում «ոսկե անձրև» է լինելու՝ վերևից մետաղադրամներ են թափվելու: Այս գենդերային «բաժանումն» ունի իր խորհուրդը, որը ևս վերաբերում է անտիկ աշխարհին. դիցաբանության համաձայն զնդանված Դանայայի մոտ Զևսը ներթափանցեց ոսկե անձրևի տեսքով: