Լոնդոնում կցուցադրվեն դիմահարդարման պարագաների համար նախատեսված թանկարժեք իրեր (լուսանկարներ)
Լոնդոնյան Goldsmiths' Company-ին պատկանող հայտնի Goldsmiths' Hall-ում կբացվի դիմահարդարման պարագաների համար նախատեսված շքեղ իրերի ցուցադրություն, հայտնում է РИА Новости-ն։
«Սովորաբար Goldsmiths' Hall-ը փակ է լայն հանրության համար, քանի որ այս շինությունն ընկերության գլխավոր գրասենյակն է։ Սակայն ցուցադրության համար մենք բացառություն ենք արել։ Դիմահարդարման պարագաների համար նախատեսված պայուսակներ, երեկոյան պայուսակներ, շրթներկի տուփեր... Բոլորն անձնական հավաքածուից են, որոնք ստացվել են Ասիայից։ Հավաքածուի սեփականատերը չի հրապարակում իր անունը, նա հավաքում է այդ գեղեցիկ իրերն ամբողջ կյանքում»,- ասել է ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ամանդա Շտյուկլինը։
Նմանատիպ իրերի պատմությունը սկսվել է մոտ 6 հազ. տարի առաջ, Հին Եգիպտոսում։ Սակայն միայն 20-րդ դարի սկզբին կանայք դադարեցին թաքուն դիմահարդարվել և տարբեր միջոցառումների գնալիս սկսեցին իրենց հետ տանել դիմահարդարման հիմնական պարագաները՝ դիմափոշին և շրթներկը, որի շնորհիվ էլ պատյաններն ու պայուսակները դարձան նորաձև, իսկ նորաձևության տները եկամտի նոր աղբյուր ձեռք բերեցին։






















