Աֆղանստանում հաշմանդամները բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Կարմիր խաչի
Տասնյակ հաշմանդամներ հավաքվել են Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչության շենքի առջև, որը վերջերս ենթարկվել էր զինյալների հարձակմանը: France-Presse գործակալության փոխանցմամբ՝ հավաքվածները բողոքում են ծայրահեղականների գործողությունների դեմ, ինչի պատճառով Կարմիր խաչի գրասենյակը հարկադրված փակվել է, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ցույցի մասնակիցները ելույթ են ունեցել՝ հնչեցնելով հետևյալ կարգախոսը. «Մահ նրանց, ովքեր իրականացրել են այս անմարդկային հարձակումները»: Հավաքվածներն Աֆղանստանի կառավարությունից պահանջել են ապահովել Կարմիր խաչի անվտանգությունը:
Կարմիր խաչի գրասենյակի վրա հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 29-ին, երբ մահապարտը պայթյուն էր իրականացրել ներկայացուցչության շենքի դիմաց, ինչից հետո զինյալները կրակ էին բացել շինության տարածքում և ներս սողոսկել: Գրասենյակից հաջողվել էր տարհանել օտարերկրացի աշխատակիցներին: Զոհվել էր պահակախմբի մեկ անդամ, իսկ զինյալները երկու կորուստ էին ունեցել:










