Չեխիան և Գերմանիան պատրաստվում են ջրհեղեղի
Գերմանիան և Չեխիան պատրաստվում են ջրհեղեղի, որն առաջացել է անդադար անձրևների հետևանքով, հայտնում է newsru.com-ը։
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում և ևս 40 քաղաքներում հայտարարվել է ջրհեղեղի 3-րդ՝ ամենաբարձր աստիճանի վտանգ։ Իսկ Գերմանիայում պատրաստվում են գրանցել Դանուբ գետի ջրի նոր ռեկորդային մակարդակ և սահմանափակել նավարկությունը Հռենոս գետում։
Չեխիայում չդադարող անձրևները հանգեցրել են նրան, որ հարավում հոսող փոքր և սովորաբար հանգիստ գետերը վերածվել են թեժ հոսանքների։ Մի շարք բնակավայրերում բնակիչների տարհանման համար ուղղաթիռներ են բերվել։ Երկաթուղու 8 հատվածներում և որոշ մայրուղիներում երթևեկությունը փակվել է։
Չեխիայի կառավարությունն այսօր երեկոյան արտահերթ նիստ կգումարի՝ ջրհեղեղի դեմ պայքարի միջոցառումները քննարկելու համար, հայտնում է ЧТК չեխական տեղեկատվական գործակալությունը։
Ուժեղ անձրևների հետևանքով գերմանական Պասաու շրջանի մոտակայքում Դանուբ գետի ջրի մակարդակը հասել է 9.3 մետրի և շարունակում է աճել մոտ 20 սմ/ժ արագությամբ։ Հեղեղված են բնակավայրի կենտրոնական փողոցները և տների նկուղները։ Տարհանման են պատրաստվում Զերբիտց փոքրիկ բնակավայրի բնակիչները, որտեղ Փլայս գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով կարող է կոտրվել պատնեշը։










