Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել

12:15 • 02.06.13

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռն այսօր վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս–արևելքում, տեղեկացնում է AFP-ն՝ հղում կատարելով Իրանի նախագահի գրասենյակի կայքը։


Ըստ աղբյուրի՝ վթարային վայրէջքի հետևանքով Մահմուդ Ահմադինեժադը և մյուս ուղևորները չեն տուժել։


«Կիրակի օրը դոկտոր Ահմադինեժադին և մի շարք պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը պատահարի է ենթարկվել, սակայն օդաչուն կարողացել է ապահով կերպով վայր իջեցնել ուղղաթիռը»,– ասվում է նախագահական գրասենյակի կայքում զետեղված հայտարարությունում։


Իրանի նախագահն ուղևորվելիս է եղել դեպի երկրի հյուսիսարևելյան լեռնային շրջաններից մեկը՝ տեղական նախագծերից մեկի բացմանը մասնակցելու համար։


«Աստծո օգնությամբ նախագահը և նրան ուղեկցող պաշտոնյաները չեն վնասվել։ Վայրէջքից հետո նախագահը կատարել է այդ նախագծի բացումը և Թեհրան վերադարձել ավտոմեքենայով»,– նշվում է նախագահական կայքում։