Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ներխուժել են Լիբանանի օդային տարածք
Իսրայելի մարտական ավիացիան կիրակի ներխուժել է Լիբանանի օդային տարածք ու հայտնվել երկրի մի քանի քաղաքների, ներառյալ՝ Բեյրութի երկնքում:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ-Վաթանիա» լրատվական գործակալությանը, Լիբանանի հարավում իսրայելցի օդաչուները հարձակումներ են ձևացրել այն շրջաններում, որտեղ գտնվում են Սիրիայի գործող ռեժիմին աջակցող «Հըզբոլլահ» շիա խմբավորման բազաները։
«Ալ-Վաթանիան» հայտնում է, որ իսրայելական ՌՕՈՒ կործանիչները հետախուզական թռիչքներ են իրականացրել Բեքաա հովտային շրջանում։
Ռազմական փորձագետներն իսրայելական կործանիչների ներխուժումը Լիբանանի օդային տարածք կապում են «Հըզբոլլահ» շարժման առաջնորդների ռազմատենչ հայտարարությունների և մարտական գործողությունների հետ, որոնք տարվում են Սիրիա-Լիբանան սահմանային գոտում։










