Սոչիում բացվում է «Կինոտավր» փառատոնը
Սոչիում աշխատանքն է սկսում «Կինոտավր» 24-րդ ռուսական կինոփառատոնը։ Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր, Ձմեռային թատրոնի հրապարակում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Առաջին օրվա հանդիսավոր մասը կսկսվի մասնակիցների և հյուրերի ժամանմամբ. նրանք կանցնեն «աստղային ուղիով», որն ավանդաբար կապույտ գույն է լինում, ինչպես ծովը։
Հիմնական մրցույթի ժյուրին այս տարի գլխավորել է ռեժիսոր Ալեքսանդր Միտան։ Արդեն հայտնի է, որ հենց նրան կշնորհվի փառատոնի առաջին մրցանակը՝ ռուսական կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար։ Մրցութային հանձնաժողովի կազմում են նաև ռեժիսոր և կինոքննադատ Լյուբով Արկուսը, դերասան Անատոլի Բելին, կինոքննադատ Անտոն Դոլինը, պրոդյուսեր Սերգեյ Մելքումովը, կոմպոզիտոր Յուրի Պոտեենկոն, դերասանուհի Վիկտորյա Տոլստոգանովան։
Հիմնական մրցույթում ներկայացված է 12 ֆիլմ։ Բացի գլխավոր մրցանակից, կլինեն նաև մրցանակներ լավագույն ռեժիսուրայի, տղամարդու և կնոջ լավագույն դերի, օպերատորական աշխատանքների համար, Գրիգորի Գորինի անվ. մրցանակ՝ լավագույն սցենարի համար, Միքայել Թարիվերդիևի անվ. մրցանակ՝ ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար։
«Կինոտավրի» հաղթողների անունները կհայտարարվեն փառատոնի փակմանը՝ հունիսի 9-ին։










