Նյու Յորքում կանցկացվի «Կինը և նորաձևությունը» կինոփառատոնը

17:03 • 02.06.13

Նորաձևությունը և կինոն կրկին միավորվում են։ Նյու Յորքում հունիսի 8-ին և 9-ին կկայանա առաջին ամենամյա «Women & Fashion» («Կինը և նորաձևությունը») կինոփառատոնը, որը կոչված է աջակցել կանանց կինոյում և քննարկել նրանց զարգացման հնարավորություններն այս ոլորտում, գրում է buro247.ru-ն։

 

Կինոփառատոնի շրջանակում կներկայացվի 14 ֆիլմ, կկազմակերպվեն 6 գիտաժողովներ, ինչպես նաև «հարց-պատասխան» ձևաչափով հանդիպումներ ուսանողների համար։


Մասնակից ֆիլմերի ցանկում է Դևիդ Ռեդմոնի «Girl Model» («Մոդել») վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է մոդել Նադիի պատմությունը, ում գտել են Սիբիրում և աշխատանքի հրավիրել Ճապոնիա։ Կներկայացվի նաև «About Face: Supermodels, Then & Now» («Սուպերմոդելի դեմքը. նախկինում և հիմա»), որը նվիրված է նախորդ հարյուրամյակի պոդիումների և ամսագրերի շապիկների լեգենդներին, ինչպես նաև Ջեյմս Ֆրանկոյի «Walking After Midnight» («Զբոսանք կեսգիշերից հետո») ֆիլմը, որի նկարահանումների համար հրավիրվել է մոդել Պետրա Նեմցովան։

 

Մասնակցել կինոփառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին կարող են բոլոր ցանկացողները. մուտքի տոմսն արժե 150 դոլար։