Սիրիացի ապստամբների և «Հըզբոլլահի» միջև Լիբանանում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով մի քանի մարդ է զոհվել
Մի քանի մարդ է զոհվել սիրիացի ապստամբների և լիբանանյան «Հըզբոլլահ» ռազմական խմբավորման միջև տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով, հաղորդում է BBC-ն:
Լիբանանյան անվտանգության աղբյուրը հայտնում է, որ հարձակումները տեղի են ունեցել Սիրիայի հետ սահմանի լիբանանյան կողմում՝ Բաալբեկ քաղաքի մոտակայքում:
«Հըզբոլլահի» մասնակցությամբ սա առաջին բախումն է, որ տեղի է ունենում լիբանանյան հողի վրա: Կարմիր խաչից զգուշացնում են, որ այս հարձակումները հետևում են Սիրիայի պաշարված Ալ-Քուսեյր քաղաքում իրավիճակի վատթարացմանը:
Հազարավոր քաղաքացիներ, ենթադրաբար, հայտնվել են թակարդում կառավարական զորքերի, այդ թվում «Հըզբոլլահի» և ապստամբների միջև ընթացող բախումներից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել հակամարտող կողմերին ազատ արձակել խաղաղ բնակիչներին, ինչից հետո Սիրիայի պետական հեռուստաալիքը մեջբերել է ԱԳ նախարար Վալիդ ալ-Մուալեմի խոսքը, ով հայտնել է, որ Կարմիր խաչին կթույլատրվի օգնություն ցույց տալ մարդկանց, երբ ռազմական գործողությունները դադարեցվեն:










