Սանահինի եկեղեցու տանիքին ու պատերին բուսականություն ու ծառեր են աճում. Դավիթ Հարությունյանը` մշակույթի նախարարին
Հին հուշարձանները վտանգման եզրին են, Սանահինի եկեղեցու տանիքին և պատերին բուսականություն և ծառեր են աճում։ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ մշակույթի նախարարի զեկույցի ժամանակ իր անհանգստությունը ներկայացրեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը։
«Օրեր առաջ հյուրեր էի տարել Սանահին, որտեղ պատի ճեղքերից
բուսականություն ու ծառեր են աճում: Վստահեցնում եմ Ձեզ, որ այն ծառերը, որոնք աճում են Սանահինի եկեղեցու պատերին և տանիքի վրա յուրաքանչյուր տարի հաստատ մեզանից ավելի շատ գումար են տանում»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը համաձայն չէ պատգամավորի դիտարկման հետ, սակայն Դավիթ Հարությունյանը պնդեց, որ այդպես է` հավելելով, որ կարող է նաև նկարներ ցույց տալ:
«Գոշավանքում Պողոսի խաչքարն այնքան է ծռվել, որ եթե մի թեթև ցնցում լինի
այն կկորցնենք։ Գյուղացիները սեպեր են խրում, որ կանգուն մնա»,- շարունակեց պատգամավորը:
Նա նաև շեշտեց, որ առաջարկում է կործանման վտանգի առջև կանգնած հուշարձանների թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնել:
«Ես կարծում եմ, որ սա նաև մեր օրենսդիրների խնդիրն է, բազմաթիվ երկրներ տարբեր լուծումներ են փորձում գտնել` սկսած հիմնադրամներ ստեղծելուց, վճարովի մուտքեր ապահովելուց: Կարծում եմ, որ խնդիրների այս կոմպլեքսը պետք է քննարկենք»,- ասաց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ պետք է օգնել նախարարությանը լրացուցիչ միջոցներ գտնելու համար:
«Իմ խորին համոզմամբ`մինչ նախագիծ անելը ու իտալացի հրավիրելը պետք է այդ ծառերը կտրել: Այդ ծառերը քայքայում են շինությունները, քանի որ աճում են պատերի և տանիքի վրա»,- ասաց նա։
Հասմիկ Պողոսյանն ասաց, որ գերադասելի կլիներ, որ այս մասին խոսեն մասնագետները:
«Շատ հաճախ խնդիրները կայանում են նրանում, որ թվում է, թե ամեն ինչ պարզ է, բայց իրականում հուշարձանի խնդիրն այլ է: Ես համոզված եմ, որ այն հերթականությունը, որը սահմանված է հուշարձանների վրա աշխատելու, հիմքերն ամրապնդելու համար, ճիշտ տրամաբանությամբ է»,- ասաց նախարարը` հավատացնելով, որ իր սիրտն էլ է շատ ցավում այդ հուշարձանների համար։
Նա նկատեց, որ բոլորն են այդ մասին խոսում, բայց ինքը շատ քիչ դեպքեր է տեսել, երբ գան և հարցնեն, թե ինչով կարող են օգտակար լինել։ Նախարարը` կարևորեց Դավիթ Հարությունյանի առաջարկը և պատրաստ են մասնակցել այդ լսումներին:










