Թատրոնը կեղծ է, լուսանկարն է իրականությունը. 85-ամյա ստամբուլաբնակ հայ լուսանկարիչն արվեստի մասին (լուսանկարներ)
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ ստամբուլաբնակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Բարև ձեզ» խորագրով։ Ցուցահանդեսում ներառված էր լուսանկարչի՝ աշխարհի տարբեր անկյուններում արված ավելի քան 100 լուսանկար։
«Շատ շնորհակալ եմ, որ այսպիսի բան եղավ, մենակ 130 պատկեր բերեցի հետս, 35 հատը չեմ կարող կախել, որովհետև տեղ չկա։ Հավնեցաք՝ հավնեցաք, չհավնեցաք, ինչ ընեմ»,- ցուցահանդեսից առաջ տեղի ունեցած ասուլիսին ասաց լուսանկարիչը։
Իր փառքի ճամփան կինոյից սկսած վարպետը նախ ներկայացրեց, արվեստ մուտք գործելու իր սկզբի մասին՝ նշելով, որ իր բոլոր ընկերները թատերական գործիչներ էին։ «Ես բոլոր խաղերը բեմի ետևից եմ տեսել, այնտեղից կարելի է տեսնել, որ թատրոնը կեղծ է։Արվեստը սուտ բան է, ամեն օր Համլետ չի ծնվում, լուսանկարն իրականություն է»,- ասաց նա։
Լրագրողները վարպետին հարցրին նաև Թուրքիայում տեղի ունեցող դեպքերից, որին Արա Գյուլերը պատասխանեց, թե դրանք պետական գործեր են, ինքը դրանց մասին չի խոսում։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, լուսանկարչության վարպետը նշեց. «Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները թող գրողի ծոցը գնան»։
85-ամյա լուսանկարիչն անդրադարձավ նաև իր արմատներին և նշեց, որ հայ լինելը միշտ իր համար առավելություն է եղել. «Մամայիս կողմից 400 տարվա պոլսեցի եմ, պապայիս կողմից Շապին Գարահիսարից եմ»։
Խոսքն ուղղելով ապագա լուսանկարիչներին՝ ասաց, որ լավ լուսանկարիչը միշտ ամեն ինչին պատրաստ պետք է լինի և հիշեց իր առաջին աշխատանքը, որն արել էր 1948-ին, երբ Աթաթուրքի արձանը կոտրել էին։
Ասուլիսից հետո «Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի» որոշմամբ Արա Գյուլերին շնորհվեց ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում։
Լուսանկարը՝ PanAremia.net-ի










