Չայկովսկու «Կարապի լիճը» 3D ձևաչափով կցուցադրվի աշխարհի 50 երկրներում
Ռուս աշխարհահռչակ կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու, թերևս, ամենաճանաչված ստեղծագործությունը՝ «Կարապի լիճը», իրական ժամանակի ռեժիմում կցուցադրվի աշխարհի 50 երկրներում, հայտնում է tvkultura.ru-ն։
Բալետի դիրիժորն է լինելու տաղանդավոր Վալերի Գերգիևը։ 3D ձևաչափով բալետի հեռարձակումը տեղի կունենա հունիսի 6-ին, Մարիինյան թատրոնի պատմական շենքից։ Այն հնարավոր կլինի դիտել նաև թատրոնի նոր շենքում տեղադրված մեծ պլազմային էկրանին։ Այսպիսով՝ «Կարապի լճի» 3D ցուցադրությամբ կմեկնարկի պետերբուրգյան թատրոնի առցանց ցուցադրությունների շարքը։
Առցնաց ռեժիմով «Կարապի լիճը» տեսնելու հնարավորություն կունենան ռուսական միայն 3 քաղաքներ՝ Մոսկվան, Դոնի Ռոստովն ու Սանկտ Պետերբուրգը։ Սակայն վերլուծաբանները գտնում են, որ ոչ մի 3D ձևաչափ չի կարող փոխանցել բալետի բոլոր նրբություններն ու իրական պատկերի երանգները։ Սակայն սա հրաշալի առիթ է բոլոր այն արվեստասերների համար, ովքեր հնարավորություն չունեն գալ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք ու հիանալ «Կարապի լճով»։










