Ֆրանսիայի նախագահը ստացել է UNESCO-ի Խաղաղության մրցանակ

21:33 • 05.06.13

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Աֆրիկայում կայունության և խաղաղության իր ներդրման համար ստացել է Ֆելիքս Ուֆուե-Բուանիի անվան Խաղաղության մրցանակը, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Օլանդին մրցանակ շնորհելու որոշումը կայացվել էր փետրվարի վերջին: Ժյուրիի նախագահը Մոզամբիկի նախկին նախագահ Ժոակին Չիսսանոն էր: Մալիում իրավիճակը սրվել էր անցյալ տարվա վերջին՝ ծայրահեղական խմբավորումների գրոհայինները սկսել էին հարձակվել երկրի կենտրոնական շրջաններում գտնվող կառավարական ուժերի վրա: Ֆրանսիական գործողությունները սկսվել էին այս տարվա հունվարի 11-ին:


UNESCO-ի խաղաղության մրցանակը, որը կրում է Կոդ-դ’Իվուարի առաջին նախագահի անունը, տրվում է առանձին անձանց, հասարակական ինստիտուտներին և մասնավոր կազմակերպություններին խաղաղության զարգացման, ամրապնդման, պաշտպանության գործում ունեցած ներդրման համար: Մրցանակը ներառում է 150.000 դոլար, ոսկե շքանշան և դիպլոմ: