Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինվորն արագ վերականգնվում է. հոսպիտալի պետ
Նոյեմբերյանի զորամասերից մեկում զոհված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված Հրաչ Սարգսյանի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն է, նա արդեն տեղափոխվել է ընդհանուր բաժին և արագ վերականգնվում է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արա Ասատուրյանը:
«Զինվորը այսօր լավ շփվում է, խոսում է այնպես, ինչպես մենք ենք խոսում, կարելի է ասել, որ բուժման կարիք զինծառայողն այլևս չունի և նրան մնում է անցնել վերականգնողական փուլը»,- ասաց հոսպիտալի պետը՝ նշելով, որ հոսպիտալ լուրջ աշխատանք է տարե այս զինվորի առողջությունը վերկանգնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի (Նոյեմբերյան) պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետևանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:
Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արա Ասատուրյանի փոխանցմամբ՝ հոսպիտալն արդեն բանակցում է Կարմիր խաչի հետ, որպեսզի հետագա վերականգնողական փուլը Հրաչ Սարգսյանն շարունակի այնտեղ: Իսկ վերականգնողական փուլն անցնելուց հետո զինվորը չի վերադառնա զինվորական ծառայության:










