Հրապարակի մրցութային առաջարկում կան մի շարք «վախենալու» դրույթներ. Մկրտիչ Մինասյան (տեսանյութ)
Երևանի Հանրապետության հրապարակում քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցութային առաջարկներում կան մի շարք վտանգավոր նախադասություններ, և բացակայում է մի նախադասություն, որը նույնպես շատ վտանգավոր է. այն է, որ Հանրապետության հրապարակը հանրապետական կարգի հուշարձան է:
Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և ավելացրեց.«Ոչ մի տեղ չկա, պատճառաբանում են՝ ասելով, որ յուրաքանչյուր քաղաքապետ ու քաղաքացի գիտի, որ դա հանրապետական կարգի հուշարձան է: Կարող է իմանալ, բայց նաև կարող է չիմանալ, դա պետք է մրցութային առաջարկների մեջ ամրագրվի, որովհետև հուշարձան լինելու դեպքում դրա նկատմամբ մոտեցումները լրիվ ուրիշ են: Եթե հուշարձան է, անձեռնմխելի է, պետք է ունենա Մշակույթի նախարարության եզրակացությունը և այլն»:
Իսկ ճարտարապետի նշած վտանգավոր նախադասություններից է հետևյալը. «Հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են»:
«Դա ոչ մի նշանակություն չունի հրապարակի ձևափոխման համար, որովհետև դրանք հուշարձան շենքեր են, որովհետև դրանք ինչքան էլ վաճառված լինեն և նրանց գործառույթը պետք է փոխվի, շենքը իր կերպարով պետք է մնա նույնը»,-ասաց Ճարտարապետների միության նախագահը՝ հստակեցնելով, որ որևէ կերպ չպետք է ձեռք տալ ԱԳՆ շենքին ու Փոստի շենքերի արտաքին տեսքին:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ, դա պայմանավորելով մի քանի իրողություններով:
Դրանք են՝ «հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով», մյուսը՝ Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ ձևավորումն է, ինչն ըստ ներկայացվածի՝ էականորեն աղճատում է համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները:
Նշվում է նաև Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում «որոշակի դժվարությունները»:
Մկրտիչ Մինասյանը չի պնդում, որ Հանրապետության հրապարակը վերակառուցման կարիք չունի, սակայն դա վաղաժամ է համարում մայրաքաղաքի այլ՝ Շահումյան, Ազնավուրի և այլ հրապարակների ոչ մխիթարական վիճակի ֆոնին:
Մկրտիչ Մինասյանը չհերքեց քաղաքապետարանի հիմնավորումը, որ հրապարակը վերածվել է տրանսպորտային հանգույցի, սակայն նշեց, որ «տրանսպորտային հարցը հենց հրապարակում լուծել անհնար է, քանի որ այն պետք է լուծվի մինչև իրեն մոտեցող հոսքերը»:
«Որովհետև հրապարակում էդ հոսքերն անհնար է կարգավորել, կարող է լինեն գետնուղիներ, որպեսզի մարդիկ ազատ շարժվեն և այլն: Կարելի է՝ էդ հարցին մոտենալ, բայց բոլոր հարցերը մինչև վերջ հստակեցնել, որովհետև մենք այլևս չենք կարող սխալվել»,- իր մասնագիտական մոտեցումը ներկայացրեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահը:
Նշենք, որ Նարեկ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով, թե ինչ հնարավոր փոփոխության մասին կարող է խոսք գնալ, նշել էր ավտոկայանատեղերի կառուցման մասին, ապա ավելացրել, որ Պատմության թանգարանի ու Ազգային պատկերասրահի շենքը, որ հրապարակի կառույցներից է շեղում է թամանյանական մտահղացումից և ժամանակին առաջացրել է բազմաթիվ ճարտարապետների քննադատությանը:
Մկրտիչ Մինասյանը ևս որոշակի վերապահումներ ունի շենքի գույնի, ոճի ու ճարտարապետական հորինվածքների նկատմամբ, սակայն նաև նշում է, որ ժամանակի ընթացքում շենքը «ապրում է», «նստած է» և որ պետք չի «սև և սպիտակ խաղալ»:
Այսինքն՝ ըստ ճարտարապետի, եթե այս տրամաբանությամբ է «ռևիզիայի ենթարկվում» Հանրապետության հրապարակը, ապա մայրաքաղաքի կառույցների հիմնական մասը պետք է քանդվի, որովհետև նրանք բոլորը շեղված են թամանյանականությունից:
«Իսկ եթե կունենանք շատ գեղեցիկ Պատմության թանգարան ու Ազգային պատկերասրահի առանձին շենքեր, ու նաև՝ հնարավորություն՝ շատ զգուշորեն մոտենալու այդ խնդրին, մոտենա՛նք, բայց դա շատ հեռու խնդիր է»,– ասաց Մկրտիչ Մինասյանը՝ ավելացնելով, որ այ մոտեցումը բնութագրում է նրանով, որ «մենք ուզում ենք բոլոր հետագա սերունդների գործը անել»:










