Մոնսերատ Կաբալիեն այցելել է Գանձասար, ենթադրվում է, որ հավանել է ժինգյալով հացը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն այցելել է Գանձասար։ Tert.am-ի հետ զրույցում ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ի պատասխան հարցի, թե արցախյան ուտեստներից երգչուհին ինչ-որ բան հավանե՞լ է, ասաց. «Կարծում եմ, այո, երևի ժինգյալով հացը»:
Դավիթ Բաբայանը կեսկատակ-կեսլուրջ ավելացրեց, թե երգչուհին այդ մասին չի ասել, ինքն է այդպես կարծում, քանի որ ժինգյալով հացը համեղ կերակուր է:
Հիշեցնենք, որ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին ընդունել էր աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին և նշել, որ նա շատ երկրպագուներ ունի Արցախում:
Հանդիպմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ի պատասխան հարցի, թե աշխարհահռչակ երգչուհին Արցախի միջազգային ճանաչման մասին որևէ հայտարարություն արե՞լ է, ասաց. «Այդ կինը համաշխարհային մշակութային ժառանգության աստղ է, և բնական է, որ նման մեծության աստղերի հետ քաղաքական թեմայով քննարկումը ճիշտ չէ»:










