Ժնևում մեկնարկել են Սիրիայի հակամարտության կարգավորմանը նվիրված կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները

14:05 • 05.06.13

ՄԱԿ-ի պատվիրակությունը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այսօր Ժնևում սկսել են Սիրիայի հակամարտության քաղաքական լուծմանը նվիրված միջազգային կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը և ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը։

 

Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը և պետքարտուղարի օգնականի պարտականությունները կատարող Էլիզաբեթ Ջոնսը։

 

ՄԱԿ-ը ներկայացնում է գլխավոր քարտուղարի էմիսար Լախդար Բրահիմին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը։

 

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, քննարկման առանցքում լինելու են կոնֆերանսի անցկացման մանրամասները, մասնավորապես՝ դրա ձևաչափն ու մասնակիցները։

 

Մոսկվան պնդում է, որ հրավիրվեն Իրանը, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը, իսկ արևմտյան երկրները Թեհրանի մասնակցությունն աննպատակահարմար են համարում։


Բացի այդ, անհրաժեշտ է որոշել, թե ո՞վ է մասնակցելու սիրիական կողմից։